Կարմիր ոսպով դալ

Ծաղկազարդն ազդարարեց Մեծ պահքի վերջին շաբաթի մեկնարկը, իսկ պահքում գտնվող իմ շատ ընկերներ արդեն չգիտեն թե ինչ ուտել: Հարցի պատասխանը գտնվեց, երբ փոխում էի հեռուստատեսության ալիքները ու գրեթե բոլորով և միաժամանակ ցուցադրում էին հնդկական սերիալներ: Ըհը, բա էլ որտեղից, եթե ոչ հնդկական խոհանոցից կարելի է ներշնչվել պահքի մեջ գտնվող ընկերների համար հետաքրքիր ուտեստ պատրաստելու գործում:

Այս անգամ խոսքը կարմիր ոսպով դալի մասին՝ արագ, համեղ: Այն ինչպես բրնձի հետ է լավ, այնպես էլ՝ թանձր ապուրի տեսքով:

Կաթսայի մեջ տաքացրեցի բուսայուղը, մեջը գցեցի մոտ տաս հատ զիրայի հատիկ: Երբ վերջինները սկսեցին «թռչկոտել» տաք բուսայուղի մեջ, իրենց պարին միացավ մանր կտրատած գլուխ սոխը: Սոխի թափանցիկության աստիճանին հասնելուն պես, իրան միացան նախապես լվացած մեկ բաժակ կարմիր ոսպը, մոտ մեկ բաժակից պակաս կեղևազրկված պահածոյացված լոլիկը, մի պտղունց դեղին կոճ (куркума, tumeric) և երկու բաժակ եռացրած ջուրը: Մոտ քսան րոպե անց ոսպը կատարելապես եփված էր, լոլիկը՝ լուծված, իսկ խոհանոցում տիրում էր հնդկական խոհանոցի հոտը, որն ավելի ընդգծեցին ոսպային զանգվածին միացած կեսական թեյի գդալ աղացած կոճապղպեղ, աղի, թարմ աղացած սև և կարմիր պղպեղների խառնուրդը: Մնում էր կաթսայի տակի կրակն անջատել, կաթսան կափարիչով փակել և թույլ տալ համերն ամբողջովին խառնվեն իրար հետ:

Հնդիկներն այն մատուցում են բրնձի հետ, ինչը ես արեցի իմ ամեն նորին անուն կպցնող որդուն համտեսել համոզելու համար, իսկ ինքս մեծ հաճույքով այն կերա որպես թանձր ապուր:

Կարմիր ոսպով դաալի համար անհրաժեշտ է

Կարմիր ոսպ՝ 1 բաժակ

Սոխ՝ 1 գլուխ

Բուսայուղ՝ 2 ճաշի գդալ

Լոլիկ (կևազրկված և պահածոյված)՝ 3/4 բաժակ

Ջուր՝ 2 բաժակ

Դեղին կոճ՝ ¼ թեյի գդալ

Աղացած կոճապղպեղ, աղ, թարմ աղացած սև պղպեղ, կարմիր պղպեղ՝ կեսական թեի գդալ

Թողնել մեկնաբանություն