Պանրախաշ

Շատերս սիրում ենք, չէ՞, թիթիզ-միթիզ ուտեստներ: Մի քանի տարի առաջ անչափ նորաձև էր սրճարանում պատվիրել կամ գլուխ գովել, որ տանը պատրաստել ենք սոխով ֆրանսիական ապուր կամ դրա գերմանական տարբերակը՝ գարեջրով:  Բայց, որպես մոտ 8 տարվա գյումրեցու հարսի ստաժ ունեցող խոհանոցային մոլեգար, ամոթ կլիներ, եթե չիմանայի, որ պանրով, սոխով ու կանաչիով դասական բրդուջը ցուրտ օրերին մեր տատերն ու պապերը ուտում էին հեղուկ վիճակում՝ անվանելով այն պանրախաշ:

Ի դեպ, ժամանակին պանրախաշի բաղադրատոմսը չիմանալու համար «դեղին քարտ» էի ստացել 50%-անոց գյումրեցի հայրիկիցս, ով առանձնահատուկ սիրում է այն ուտել իր հալալ-զուլալ գյումրեցի ընկերոջ և միաժամանակ Արաքսիա Գյուրզադյանի եղբորորդու կատարմամբ:

Եվ այսպես, պանրախաշի համար սոխն անհրաժեշտ է կտրատել կիսակլորների, համեմը՝ մանրացնել, չեչիլ պանիրը՝ թրջել սառը ջրում, որպեսզի միջից դուրս գա ավելորդ աղիությունը: Ի դեպ, իրական գյումրվա պանրախաշը ստանալու համար աշխատեք շուկայից գնել իսկական գյումրվա չեչիլ պանիր՝ այն թել պանրի ավելի խիտ տեսակն է, երբ պանրի թելերը իրար կպած են: Չեչիլը առավել հարուստ համ ունի, իսկ թել պանիրը դուր կգա առավել նուրբ համի սիրահարներին:

Պանրախաշի պատրաստմանն անհրաժեշտ են հաշված րոպեներ՝ սոխը տապակել յուղի մեջ, ավելացնել եռացած ջուր, մոտ հինգ րոպե եփել միջին կրակի վրա, այնուհետ ավելացնել թեթևակի ծփած ձվերն ու լավ խառնել: Ապուրը կրկին հասցնել եռման աստիճանի:

Միաժամանակ, յուրաքանչյուր ափսեի մեջ մանրացնել չորացած լավաշը, վրան դնել ջրից քամած չեչիլը,  լցնել եռացող սոխային զանգվածն ու մի բուռ կտրատած կանաչին: Արդեն յուրաքանչյուրն իր ափսե պանրախաշը համեմում է աղով, պղպեղով և սոխտորով՝ ըստ ճաշակի: Եվ այս գեղեցկությունն իրական գյումրեցիներն ուտում են խաշի պես՝ յուրաքանչյուր պատառը բերանն ուղարկելով մատերի օգնությամբ և թարմ լավաշի կտորով:

Բաղադրություն.

IMG_1163-34 անձի հաշվարկով

Սոխ՝ 8 խոշոր գլուխ

Յուղ՝ 2 ճաշի գդալ

Ձու՝  4 հատ

Համեմ՝ 2 կապոց

Չեչիլ պանիր՝ 0,5 կգ

Ջուր՝ 4 բաժակ

Լավաշ (չորացրած) – 4 հատ

Թարմ լավաշ

Աղ, պղպեղ, սխտոր

 

 

Թողնել մեկնաբանություն