Մասուրով սպաս

Այսօր երևանաբնակների ամենացավոտ թեմաներից է պատմական Երևանի ոչնչացումը: Երբ փոքր էի, հիշում եմ, թե ինչպես էր տատս բողոքում, որ էլ հին երևանցի չի մնացել: Բախտը բերեց, որ չտեսավ թե ինչպես են ոչնչացրել քաղաքի պատմությունը: Իսկ իմ բախտը մի փոքր բերեց, որ հասցրեցի տատուցս սովորել հին երևանցիների ճաշատեսակներից մի քանիսը: Ձմռան օրերին, երբ օրգանիզմը վիտամին Ց-ի հսկայական կարիք ունի, անչափ տեղին է հիշել այսօր արդեն գրեթե ոչնչացված քաղաքի բնիկների ուտեստներից մասուրով սպասը:
Ապուրն եփելուց 10-12 ժամ առաջ անհրաժեշտ է լվանալ չորացրած մասուրը և այն թրջել եռման ջրի մեջ: Հաջորդ օրը խառնուրդը հարել բլենդերով և զտել մաղով: Միայն մեկ խնդրանք, մաղով անցկացնելու փուլում չմոռանաք 3-4 տակ մառլյա դնել մաղի մեջ, այլապես մասուրի ծայրին մնացած փշիկները (առէջքները) ապուրն ուտելուց կքորեն կոկորդը: Փորձս դառն է՝ փոքր տարիքում վատ ֆիլտրած մասուրի ճաշն ուտել հրաժարվելու արդյունքում այն հայտնվել էր գլխիս վրա: 🙂 Սակայն տարիներ անց, արդեն ինքնուրույն այն պատրաստելիս հյութը լավ ֆիլտրեցի, և հասկացա, թե ինչու մամաս վիրավորվեց ճաշը չուտելու համար՝ այն ոչ միայն օգտակար է, այլ նաև՝ սարսափելի համեղ:
Կաթսայի մեջ պատրաստել սոխեռած, վրան ավելացնել ալյուրը և, մի փոքր «դաղելուց» հետո, հարելով ավելացնել մասուրի քամած հյութը՝ լուծելով ալյուրի գնդիկները: Ըստ ճաշակի ավելացել աղն ու շաքարավազը: Երբ հեղուկը սկսի եռալ, ավելացնել ձավարն ու եփել մինչև վերջինիս լիարժեք պատրաստ լինել: Մեր ընտանիքում ծիրանաչիր չեն ավելացնում, սակայն լսել եմ տարբերակ, երբ ձավարի կիսաեփ փուլում ապուրի մեջ ավելացնում են կտրտած ծիրանաչիր: Վերջում, մատուցելիս, ապուրի վրան ավելացնել կտրտած համեմ:

Բաղադրություն.

Photo1Մասուր՝ ½ կգ

ջուր՝ 3 լ

ձավար՝ 1 բ

ծիրանաչիր՝ 1 բ

սոխ՝ 2

ալյուր՝ 2 ճ գ

շաքարավազ՝ ½ բաժակ

1 Comments Add yours

Թողնել մեկնաբանություն